Կարևոր իրադարձություններ

Դատարան է ուղարկվել պաշտոնական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը. Դատախազություն

04 Հոկտեմբեր, 2021 14:19
Դատարան է ուղարկվել պաշտոնական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը. Դատախազություն

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 17.04.2020թ. հարուցված և ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2013թ. բջջային կապի օպերատոր հանդիսացող ընկերությունը ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է գտել բջջային կապի հիմնական կայան տեղադրել Աստղաձոր համայնքի վարչական տարածքում՝ կոնկրետ հողամասում:

Նախապես տեղյակ լինելով այդ մասին՝ համայնքի ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կնոջ՝ Ա. Խ.-ի հետ 2013 թ. օգոստոսի 6-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համայնքի ղեկավարի կինը Աստղաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ վերոնշյալ ընկերության կողմից ընտրված տարածքն ընդգրկող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,105 հա մակերեսով հողատարածքը՝ 99 տարի ժամկետով՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով:

2013 թվականի օգոստոսի 12-ին այդ տարածքում ընկերության կողմից կայանքի կառուցման աշխատանքներն ավարտվել են, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով նշված հողատարածքն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնվել ընկերությանը: Մինչև 2020թ. ապրիլի 30-ը ենթավարձակալի կողմից կատարած վարձի վճարումների արդյունքնում վարձակալն ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ:

Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրա կնոջը՝ Ա.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հոդվածով:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, լուծվել են նշված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը. այն վերադարձվել է համայնքին և հեռահաղոդրակցության վերոնշյալ ընկերության հետ համայնքը կնքել է վարձակալության նոր պայմանագիր: Այդպիսով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին