Կարևոր իրադարձություններ

ԶՊՄԿ-ի ներդրումային ծրագրով առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի. Նիկոլ Փաշինյան

03 Հոկտեմբեր, 2021 23:36
 ԶՊՄԿ-ի ներդրումային ծրագրով առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է իրականացնել աննախադեպ ծավալի` 350 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնք իրենց հերթին բերելու են նոր աշխատատեղեր: Լայն թափով շարունակվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկա հինգ տարիներին երկրում կառուցվելու կամ հիմնանորոգվելու են մի քանի հարյուր դպրոցներ ու մանկապարտեզներ, շարունակվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները:  «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։

«Հայաստանի Հանրապետությունն վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: Հույս ունենք որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ` մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում»,- հայտնել է վարչապետը՝ հավելելով, որ արդյունքում ՀՀ-ում կարտադրվի պղինձ: «Այս ներդրումային ծրագրի շրջանակում, տարբեր գնահատականներով, առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Այդ հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- ասել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին