Կարևոր իրադարձություններ

Չինաստանն իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը. Նիկոլ Փաշինյանը՝ Սի Ծինփինին

01 Հոկտեմբեր, 2021 16:07
Չինաստանն իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը. Նիկոլ Փաշինյանը՝ Սի Ծինփինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար, իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը։

Վստահաբար կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ մեզ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել մեր փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին