Կարևոր իրադարձություններ

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

01 Հոկտեմբեր, 2021 10:04
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն:
 
Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների համար՝ համավարակով և պատերազմով պայմանավորված վերջին շրջանում առաջացած մարտահրավերներին՝ սոցիալական խնդիրներ, կյանքի իրավունքի ապահովում և հավելել, որ համավարակի, պատերազմի և տեղահանության ազդեցությունն իրենց վրա կրող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն այսուհետ «կարմիր թելի» նման պետք է անցնեն նախատեսվող պետական սոցիալական բոլոր ծրագրերում:
 
Փոխնախարարն առանձնացրել է նաև քաղաքացիական օրենսդրության խնդիրները և նշել, որ դրանք պետք է դիտարկել որպես քննարկումների օրակարգի առանցք:
 
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն, իր հերթին, նիստի մասնակիցներին ամփոփ ներկայացրել է ՊՈԱԿ-ի կատարած մեկ տարվա աշխատանքները՝ ընդգծելով, որ, պայմանավորված նախորդ տարվա մարտահրավերներով, զարգացման բոլոր ծրագրերը վերափոխվել են հումանիտար ուղղվածության: 
 
Այնուհետև նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի  ոլորտի  քաղաքականության մշակման  վարչության պետ Արփինե Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է քրեական և քրեական դատավարության ընդունված նոր օրենսգրքերի՝ քննչական և դատավարական գործողություններում կատարված փոփոխությունները, որտեղ էականորեն լավարկվել է անչափահասների իրավունքների պաշտպանությունը:
 
Հաջորդիվ տեղի է ունեցել հարցուպատասխան՝ միջգերատեսչական խորհրդի նիստի մասնակիցների միջև: 
 

Լրահոս

Դիտել ավելին