Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում հոգեհանգստյան արարողություն է կատարվել

27 Սեպտեմբեր, 2021 16:13
Ստեփանակերտում հոգեհանգստյան արարողություն է կատարվել

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում հոգեհանգստի արարողութոյւն է կատարվել՝ հանդիսապետությամբ Արցախի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու մասնակցությամբ հոգևոր դասի: Աստծո տաճարի կամարների ներքո հնչեցված աղոթքներին միացել է նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:  Այս մասին տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

«Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց: Մեր գրեթե բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը սև ծխի քուլաներում հայտնվեցին. սկսվեց պատերազմ, որը պիտի տևեր 44 օր, պիտի խլեր հազարավոր կյանքեր, պիտի խեղեր բազում ճակատագրեր, պիտի կուլ տար մեր հայրենիքի մեծ մասն ու մեր երազանքները...

Այսօր առավոտյան Հայաստանի և Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ՝ աղետաբեր պատերազմում անմահացածների: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում արարողությունը կատարվել է՝ հանդիսապետությամբ Արցախի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու մասնակցությամբ հոգևոր դասի: Աստծո տաճարի կամարների ներքո հնչեցված աղոթքներին միացել է նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Հետո ազդարարվեց մեկ րոպե լռություն, որի ավարտին ներկաները իրենց քայլերը ուղղեցին դեպի համահայկական սրբատեղիներից մեկը՝ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց: Մեր հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով՝ խնկարկվեց նրանց անմար հիշատակը. ոչ-ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…»,-ասված է հրապարակման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին