Կարևոր իրադարձություններ

Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Արցախ

25 Սեպտեմբեր, 2021 14:57
Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Արցախ

Սեպտեմբերի 19-21-ը Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին։

Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Ստեփանակերտում գիտաժողովի մասնակիցները նախ այցելել են Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Լիագումար զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ Ռուբեն Գալչյանը (Լոնդոն) և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսան Հակոբյանը՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից։ Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտի (Գերմանիա) զեկուցումն ընթերցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը։

Գիտաժողովի նիստերին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ պատգամավորներ և Կառավարության անդամներ։ Զեկուցողները բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման, Արցախի իրավական կարգավիճակի վերջնական որոշման՝ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անկախության ճանաչման հարցերը։

Արցախի Հանրապետության արդի մարտահրավերների վերաբերյալ գիտնականների քննարկումների հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բանաձևը, և հրապարակվել համապատասխան հայտարարություն։

Գիտաժողովի մասնակիցները եղել են նաև Գանձասարում, մասնակցել «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» ժողովածուի շնորհանդեսին, որում ամփոփված են 2020 թ. հուլիսին տեղի ունեցած Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովի զեկուցումները։

Գիտաժողովն իր աշխատանքը Երևանում շարունակել է սեպտեմբերի 23-ին։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակին: Մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս, գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Յուրի Սուվարյանը։ Ելույթներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսորներ Էդիկ Մինասյանը, Գևորգ Ստեփանյանը և քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին