Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետ

25 Սեպտեմբեր, 2021 12:11
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան
Ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետ

Սեպտեմբերի 25-ին նշվում է Ստեփանակերտի օրը ինչի առթիվ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Այսօր նշում ենք մեր քաղաքամայր Ստեփանակերտի օրը: Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը:

Այստեղ ժամանակներ ու քաղաքակրթություններ են հատվում, տրամադրություններ ու երազանքներ են մեկտեղվում:

Ստեփանակերտը փոթորկալի անցյալ է ունեցել: Անցած երկու-երեք տասնամյակների ընթացքում, թվում է՝ արդեն թոթափում էինք 90-ականների դժնդակ օրերի հետքերը: Մայրաքաղաքն էլ բռնել էր կայուն զարգացման ճանապարհը: Բայց վրա հասավ 2020թ-ի պատերազմը: Ազատամարտից հետո առաջին անգամ թիրախավորվեց նաև Ստեփանակերտը:

Ունեցանք անդառնալի կորուստներ, տեղահանված հազարավոր հայրենակիցներ: Նրանց մեծ մասը հանգրվանեց մայրաքաղաքում: Ու դա բնական է, որովհետև Ստեփանակերտը բոլոր արցախցիների տունն է... Պատերազմը նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեր քաղաքին՝ ավերածություններ, բնակֆոնդի ընդարձակում, ենթակառուցվածքների գերծանրաբեռնում: Բայց ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա անպայման մեջքը ուղղելու ու շենացնելու է իր մեծ օջախը:

Սա է մեր նահատակների՝ մեզ թողած պատգամը: Սա պետք է լինի մեր տեսլականը՝ հանուն այն արյան, որով սրբացել է մեր հողը: Ուրեմն չենք երկնչում ու չենք հապաղում, այլ՝ ի գո՛րծ: Ուս ուսի, ձեռք ձեռքի կապրեցնենք մեր սրբություն Արցախն ու մեր սրտի քաղաք Ստեփանակերտը»,- ասված է հրապարակման մեջ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին