Կարևոր իրադարձություններ

Համատեղ ուժերով գտնել լուծումներ. Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ

24 Սեպտեմբեր, 2021 21:45
Համատեղ ուժերով գտնել լուծումներ. Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են.

«Կարծում եմ` ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետական միջոցների կենտրոնացմամբ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը:

Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին` նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են, և այդ աճը շարունակական է լինելու:

Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսներն ըստ հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը` արդյունավետության բարձրացման նկատառումներով:

Բուժհաստատությունների տնօրեններն իրենց աջակցությունն են հայտնել այդ բարեփոխումներին, հնչեցրել իրենց առաջարկները:

Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը խոստացել է, որ բարեփոխումների տարբեր փուլերում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:

 

Լրահոս

Դիտել ավելին