Կարևոր իրադարձություններ

Առանց լաբորատոր ապահովվածության դժվար է պատկերացնել որակյալ բարձրագույն կրթությունը և գիտությունը. Վ. Դումանյան

23 Սեպտեմբեր, 2021 18:36
Առանց լաբորատոր ապահովվածության դժվար է պատկերացնել որակյալ բարձրագույն կրթությունը և գիտությունը.  Վ. Դումանյան

ՀՀ ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են,որ այսօր հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը: 

Դրամաշնորհի շրջանակներում 2 տարվա ընթացքում հնարավոր է եղել ձեռք բերել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։

Օրինակ՝ նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։

Մշակվել և ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր, և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը,  նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, Հայ-Ռուսական համալսարանի գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանը, Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

ԿԳՄՍ նախարար Վահրամ  Դումանյանը  լաբորատորիայի բացումից հետո բուհի ղեկավարության ուղեկցությամբ շրջել է կենտրոնի լաբորատորիաներում,  ծանոթացել սարքավորումների հագեցվածությանը, լսարանային և սեմինարային դասասենյակների կահավորմանը: 

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ Վահրամ Դումանյանն արձանագրել է բարձրագույն կրթության և գիտության ամբողջականության փաստը և նշել, որ չի կարելի առանձին-առանձին դիտարկել այս երկու կարևոր ոլորտները: 

 «Չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության, և չի կարող լինել շարունակական գիտություն առանց որակյալ բարձրագույն կրթության. դրանք գոյատևում և զարգանում են համատեղ: Նման լաբորատորիան, միանշանակ, ողջունելի է, այն նվաճում է և խիստ անհրաժեշտ կրթական գործընթացներում: Բոլոր բնագավառներում մենք պետք է շարունակենք այս մոտեցումները, որպեսզի լաբորատոր ապահովվածությունը լինի, առանց որի դժվար է պատկերացնել և՛ որակյալ կրթությունը, և՛ հետազոտական հատվածը»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին