Կարևոր իրադարձություններ

Ակադեմիկոս Արմաիս Կամալովը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

23 Սեպտեմբեր, 2021 18:06
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Ակադեմիկոս Արմաիս Կամալովը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

ԵՊԲՀ ռեկտորը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստին Նոմինացիոն կոմիտեի նախագահ, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը ներկայացրեց ռեկտորատի հավանությանն արժանացած առաջարկը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Արմաիս Ալբերտի Կամալովին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու վերաբերյալ։

Գիտական խորհրդի որոշմամբ՝ Արմաիս Կամալովը համալրեց բժշկական 100-ամյա դարբնոցի պատվավոր դոկտորների ներկայացուցչական կազմը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել նման բարձր կոչման հավակնորդը և կրողը։ Կրկնակի հաճույք է Երևանում, բժշկական համալսարանում գտնվելը, որի մասնագետների հետ՝ ռեկտորի գլխավորությամբ, համագործակցում եմ արդեն երկար տարիներ»- խոսքն ուղղելով ապագա բժիշկներին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ նշեց Արմաիս Կամալովը՝ ընդգծելով, որ բժշկական համալսարանին հաջողվեց դժվարին իրավիճակում ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել բուհի լավագույն ավանդույթները՝ նախանշելով հետագա զարգացման ուղիները։

«Այսօր դահլիճում ներկա ապագա բժիշկները տասնամյակներ հետո կվարեն գիտական խորհրդի նիստեր»-,֊ նշեց բուհի պատվավոր դոկտորը։

Նա Երևանում տնտեսական մեծ համագումարի մասնակցում է ոչ միայն որպես բժիշկ-գիտնական, այլև հասարակական գործիչ։

Արմաիս Կամալովն անդրադարձավ իր ղեկավարած հիմնադրամի առաքելությանը, որի շրջանակում կյանքի են կոչվում բազմաթիվ, այդ թվում մշակութային անվանի գործիչներին, մարզաշխարհի լեգենդար ներկայացուցիչներին նվիրված միջոցառումներ։

 Բժշկական բուհի հյուրն առանձնակի կարևորեց հայ երիտասարդ մասնագետների ներգրավածությունը գիտական ներուժի իրացման գործում։ Նա խոսեց նաև համավարակի դեմ պայքարի համաշխարհային արդի թեմայի մասին։ Ներկայացնելով իր ղեկավարությամբ գործող բժշկական կազմակերպության գործունեությունը, որը համավարակի օրերին վերապրոֆիլավորվել է որպես քովիդ հոսպիտալ՝ նշեց, որ ավելի հաճախ կորոնավիրուսով վարակվում են տղամարդիկ, քան կանայք: Վարակն ավելի հաճախ ախտահարում է տղամարդկանց, քան կանանց օրգանիզմը։ «Չնայած կանայք ավելի շատ են պատվաստվում և թեստավորվում՝ տղամարդկանց մոտ հիվանդությունը հաճախ ավելի ծանր ընթացք է ունենում: Մահացության ցուցանիշները ևս տղամարդկանց շրջանում ավելի բարձր են»,- ասաց պրոֆոսորը՝ որպես Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ մատնանշելով պատվաստումները։

Կարևորելով փոխանակման ծրագրերի հետագա իրականացումը՝ նա խոսքը եզրափակեց ամերիկացի գրող, փիլիսոփայության դոկտոր Կարլոս Կաստանեդայի խոսքերով՝ շեշտելով, որ նոր գիտելիքներ ստանալու անհագ ծարավը մարդկային հնարավորության մի մասն է:

Նշենք, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Արմաիս Կամալովը 2014 թվականից ղեկավարում է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնը, 2010 թվականից նույն համալսարանի Հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Ռուսաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահը։

Անվանի բժիշկը 2014 թվականին ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի, Էնդոուրոլոգիայի համաշխարհային միության և Ուրոլոգների միջազգային միության անդամ է։

2006 թվականին պրոֆեսորն արժանացել է «Ռուսաստանի լավագույն բժիշկ» կոչմանը, 2011 թվականին պարգևատրվել է «Միջազգային համագործակցության ներդրման համար» շքանշանով, Ալեքսանդր Նևսկու կրծքանշանակիր է։ Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական հիմնարկների և ոլորտի մասնագետների հետ:

Արմաիս Կամալովը 300-ից ավելի գիտական աշխատանքի, 3 մենագրության, 6 դասագրքի, 8 գրքի հեղինակ  է»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին