Կարևոր իրադարձություններ

Այժմ ավելի քան երբևէ այժմեական է Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում համագործակցության մթնոլորտի ձևավորումը. Իրանում ՀՀ դեսպան

20 Սեպտեմբեր, 2021 22:23
Այժմ ավելի քան երբևէ այժմեական է Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում համագործակցության մթնոլորտի ձևավորումը. Իրանում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, տոկունություն և երջանկություն։

Հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ունեցել է փառահեղ վերելքների և ցավալի անկումների ժամանակաշրջաններ։

Անցած երեք տասնամյակների ընթացքում ևս ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։

Այսօր մեր ժողովուրդը մեծ ցավ է ապրում 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած մեծ կորուստների, իր հերոս զավակների նահատակության, բազմաթիվ խեղված և գերեվարված զինվորների համար, սակայն պատրաստ է զորավիգ լինել իր պետության անկախության և անվտանգության ամրապնդման, զարգացման և շենացման գործին։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այսուհետ ևս հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։

Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը, խաղաղության և անվտանգության ապահովմանը միտված միջազգային քաղաքական գործընթացների ակտիվացումը։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացումը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի համագործակցության խորացումն է։

Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրներից մեկը Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումն է, սփյուռքահայության բոլոր համայնքների և անհատների ներգրավումը Հայրենիքի հզորացման գործում։

Այժմ ավելի քան երբևէ այժմեական է Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում միասնականության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը, ապագայի նկատմամբ պատասխանատվության և լավատեսության տրամադրությունների արմատավորումը։

Բարին ընդ ձեզ»։

 

Լրահոս

Դիտել ավելին