Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Արտակ Ջումայանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել աշխատանքներին: Նա առանձնահատուկ կերպով կարևորել է նմանատիպ գործունեությունը հետպատերազմյան ժամանակաշրջան ապրող երկրի համար:
Կենտրոնը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ վնասվածքաբան-օրթոպեդներ, բժիշկ-նյարդավիրաբույժներ, դիմածնոտային բժիշկներ, բժիշկ ստոմատոլոգներ, ինժիներներ, ատամնատեխնիկներ:
«Հիբրիդ» լաբորատորիան լազերային աճեցման նորագույն տեխնոլոգիայով տիտանից հոդային գլխիկներ, իմպլանտներ և պրոթեզներ է արտադրում՝ վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:
DDC կենտրոնը հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և հմուտ անձնակազմով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս պացիենտի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ մաքսիմալ ճշգրտությամբ: Կենտրոնում կատարվում է դիմածնոտային թվային ախտորոշում, թվային օրթոպեդիա և օրթոդոնտիա, իմպլանտացիայի թվային պլանավորում, լաբորատոր նմուշառում:
MDS (Medical Dental Shop) կենտրոնն ապահովում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ կապը՝ ներկայացնելով լավագույն սարքավորումներն ու ապրանքատեսականին:
Այսօր վիրավոր զինծառայողներին օգնելուց բացի՝ ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնելու նորագույն տեխնոլոգիա կիրառող տարածաշրջանային կենտրոն, ինչը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը: