Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը և էականորեն փոխի ներդրումային միջավայրը․ Փաշինյան

20 Սեպտեմբեր, 2021 18:48
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը և էականորեն փոխի ներդրումային միջավայրը․ Փաշինյան

 Երևանում Armenia Business Forum-ի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց.


«Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք:  Իսկապես, շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում:  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  շատ անհրաժեշտ էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները պետք է ցույց տային կամ դառնային երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, պետք է պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:

Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, և ընտրությունների արդյունքներով  արձանագրվեց, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը՝ շարժվել հետևյալ ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ, և հատկապես այսպիսի մանդատ է ստացել Հայաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»:

Վարչապետի կարծիքով, պետք է ի վերջո բացվի և հաստատվի խաղաղ զարգացման դարաշրջանը: Իր խոսքում նա նշեց այն գործիքները, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են այս նպատակին հասնելու համար.

«Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության: Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն և մրցունակ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին