Կարևոր իրադարձություններ

Որոտանի ճանապարհին ադրբեջանական զինծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ բնակչության իրավունքները․ ՄԻՊ

17 Սեպտեմբեր, 2021 00:22
Որոտանի ճանապարհին ադրբեջանական զինծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ բնակչության իրավունքները․ ՄԻՊ

Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները:

Մասնավորապես, փաստերը վկայում են, որ հենակետի զինված ծառայողները շարունակում են առանց իրավական հիմքերի կանգնեցնել օրինական հիմունքներով ՀՀ-ում գտնվող և միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, տարբեր ստուգումներ իրականացնել: Վարորդներից անօրինական գանձում են գումարներ, ներկայացնում են անօրինական այլ պահանջներ. պահանջում են դիզվառելիք, կայանման համար վճար են գանձում:

Խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիական բնակչության մասին է, այլ նաև  ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին:

Որոտանի հատվածում հերթերի, խցանումների պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: Լրջորեն բարդացել է ՀՀ քաղաքացիական բնակչության հաղորդակցությունը, այդ թվում՝ հասանելիությունը հրատապ բժշկական ծառայություններին: Նշվածից զատ, խախտվում է նաև Իրանի քաղաքացիների գործարարությամբ զբաղվելու և նրանց աշխատանքային իրավունքները: Մարդիկ կրում են էական նյութական վնասներ:

 

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե հստակ գիտեն, թե ինչ վտանգավոր հետևանքների մարդկանց համար կարող են առաջացնել իրենց այս արարքները և դիտավորությամբ գնացել են դրան: Ուստի, կրում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար պատասխանատվությունը: Նրանց արարքները չունեն իրավական հիմք:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ կտեղեկացնի միջազգային կառույցներին՝ ԵԱՀԿ, ԵԽ, ՄԱԿ և այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին