Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով համալրել. Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2021 13:28
ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով համալրել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով:

Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, այնուհետև ընդլայնված կազմով նիստում ներկայացրել են ՀԱՊԿ առաջնահերթություններն ու ստորագրել ընդունված փաստաթղթերը: ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, ՀԱՊԿ հետագա զարգացմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` ավանդական ջերմ ընդունելության և Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում կատարված աշխատանքի համար:

«Հարգելի գործընկերներ,

ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգված մոտեցումների մշակման համար: Այդ նպատակով մենք մեծ նշանակություն ենք տալիս բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: Մեր կարծիքով, համատեղ հայտարարություններ ընդունելու պրակտիկան իրեն արդարացրել է, և այն պետք է շարունակվի:

Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով:

Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ` ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, համալրել ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով և կատարելագործել դրանց ղեկավարումը:

Մեր կազմակերպության համար մեծ նշանակություն կունենա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական անվտանգության ապահովման, թմրամիջոցների դեմ պայքարի և անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների ու մեխանիզմների հետագա կատարելագործումը:

Մենք նաև առաջարկում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով: Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային փորձը:

Մեր կարծիքով, նման հարցեր լուծելիս մենք կարող ենք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության վրա:

Հայաստանի նախագահության ընթացքում մենք մտադիր ենք վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը: Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ դիրքորոշում և պատրաստ ենք սերտ համատեղ աշխատանքի:

Առաջարկում ենք շարունակել իրավանորմատիվային և կազմակերպչական փաստաթղթերի մշակումը, ինչը թույլ կտա ունենալ այսօրվա իրողություններին համապատասխան իրավապայմանագրային բազա:

Ակնկալում եմ ստանալ ձեր աջակցությունը երիտասարդ սերնդի հետ աշխատանքի հաստատման գործում` Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների ուսանողների համար անվտանգության հարցերով ամառային դպրոցներ անցկացնելու միջոցով:

Հարգելի գործընկերներ,

Մեր առաջնահերթություններն ավելի մանրամասն՝ կոնկրետ քայլերի և միջոցառումների ցանկով, կարտացոլվեն նախագահության առաջնահերթությունների և Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի որոշումների՝ ավանդաբար հաստատվող ծրագրում։

Հաջորդ տարի մենք միասին կնշենք Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում:

Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին Երևանում:

Եվ վերջում ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել մեր տաջիկ բարեկամներին ՀԱՊԿ նախագահության հաջող ավարտի կապակցությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Այսօրվա նիստի արդյունքներում ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Որոշում է կայացվել նաև առաջիկայում Տաջիկստանում անցկացնել ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրվված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Լրահոս

Դիտել ավելին