Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ․ Արմեն Գրիգորյան

15 Սեպտեմբեր, 2021 12:46
Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ․ Արմեն Գրիգորյան

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով, ինչպես Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: Քարտուղարը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը ԱԽ քարտուղարը ընդգծեց, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ չնայած այս բարդությունների Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևորեց Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խաղաղ գործընթացի վերսկսումը: Հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:

Անդրադառնալով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը: Այդ թվում քարտուղարը կարևորեց ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին