Կարևոր իրադարձություններ

Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշները, տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են․ ՄԻՊ

14 Սեպտեմբեր, 2021 00:10
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշները, տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման:

Մասնավորապես, 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

 

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝

1) Ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր թվով 10 տեսախցիկ:

 

Տեսախցիկներով ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը:

Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով:

 

Խոսքը գնում է մարդու մասնավոր կյանքին ու երթևեկողների անվտանգությանը բացահայտ անօրինական միջամտության մասին:

2) Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված:

 

3) Ադրբեջանական ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ:

Ավելին, հենակետի զինված ծառայողները առանց որևէ օրինական հիմքերի կանգնեցնում են այդ ճանապարհով օրինական հիմքերով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ (օրինակ՝ իբր ամրագոտի չկապելու համար անօրինական պահանջել են դիզվառելիք և այլն):

 

4) Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները և որոնց անմիջական հարևանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ:

Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013թ. օրինական վկայականով:

 

Ադրբեջանական զինված ուժերը նշված անշարժ գույքին տիրացել են պատերազմից անմիջապես հետո պատերազմի սպառնալիքով հայտնվելու հետո՝ ՀՀ նշված քաղաքացուն՝ գույքի օրինական սեփականատիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքով և ընդամենը մի քանի ժամ տալով գույքը թողնելու համար: Մինչ օրս էլ ՀՀ քաղաքացուն իր օրինական իրավունքից բացահայտ անիրավաչափ զրկելու համար որևէ հատուցում նրանք չեն տվել, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել:

Սա նշանակում է, որ ադրբեջանական որևէ տեսակի տեղակայում Որոտանի նշված շենքում կամ հողատարածքում անիրավաչափ է, քանի որ տեղի է ունեցել ՀՀ-ին ուղղված պատերազմի սպառնալիքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացուն՝ նշված գույքի օրինական սեփականտիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքի ներքո ու առանց հատուցման՝ նրա սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարմամբ:

 

Պետք է հաշվի առնել նաև, որ մինչ օրս երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա:

Սա նշանակում է, որ թե՛ ադրբեջանական ոստիկանական հենակետի ու արգելապատնեշների, թե՛ ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը ՀՀ Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում զուրկ է իրավական որևէ տիտղոսից: Այս փաստն ավելի է ամրապնդում ադրբեջանական իշխանությունների և մասնավորապես՝ զինված ծառայողների արարքների ակնհայտ անիրավաչափ լինելն ի սկզբանե:

Ուստի, թե՛ ադրբեջանական ոստիկանական հենակետն ու արգելապատնեշները, թե՛ զինված ծառայողները պետք է անհապաղ հեռացվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը սույն հաղորդագրությամբ ստեղծված վիճակի մասին տեղեկացրել է մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):

 

 

Լրահոս

Դիտել ավելին