Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագիծը

13 Սեպտեմբեր, 2021 11:21
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, ըստ որի առաջարկվում էր ԱԺ «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով»-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»:

Նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացութուն էր ստացել: Այս անգամ նիստերի օրակարգ ընդգրկելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ ՝ ելնելով ծառացած մարտահրավերներից՝ պետք է շատ ուշադիր և բավականին լուրջ աշխատանք իրականացնեն:

«Սակայն ներկայացված նախագիծը բացարձակապես չէր լուծում այդ խնդիրները, չէր անդրադառնում այդ հարցերին: Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերվում էր ՀՀ-ի և Արցախի ԱԺ-ների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահները: Այս պարագայում այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ՝ սխալ է»,- նշեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է չմասնակցել այդ հարցով քվեարկությանը, որովհետև այդ հարցը որևէ նոր բովանդակություն չի հաղորդում հանձնաժողովների գործունեությանը:

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին