Կարևոր իրադարձություններ

Թողարկվել է ՀՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ

13 Սեպտեմբեր, 2021 10:31
Թողարկվել է ՀՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ՝  հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը։

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը:  Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:

1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:

Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների ամագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային զմակերպությունների անդամ է։ Դիմերես՝ ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին: Դարձերես՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը: Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը         5000 դրամ
Մետաղը/հարգը                 արծաթ 9250
Քաշը                                  168,1 գ
Տրամագիծը                       63,0 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ/համարակալված
Թողարկման քանակը         300 հատ
Թողարկման տարեթիվը     2021
 
 
Ծանուցում
 
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից:
Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում: Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:
 

Լրահոս

Դիտել ավելին