Կարևոր իրադարձություններ

Այսօր նշվում է Խաչվերացը

12 Սեպտեմբեր, 2021 10:00
Այսօր նշվում է Խաչվերացը

Հայ առաքելական եկեղցին այսօր նշում է  Խաչվերացը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): 

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին