Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է ստանան միջազգային հասցեական արձագանք․ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

11 Սեպտեմբեր, 2021 17:32
Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է ստանան միջազգային հասցեական արձագանք․ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ  ԱԳՆ-ն։

Հայաստանի ԱԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական հարաբերություններում առկա դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ կարևորելով Երևանում համեմատաբար վերջերս հիմնված Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության դերը համագործակցության խորացման գործում։

Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը գյուղատնտեսության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում կողմերը ընդգծել են ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման շուրջ համագործակցության կարևորությունը։

Նախարար Միրզոյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները։ Շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նաև նիդերլանդական կողմի դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունումը:

Միևնույն ժամանակ, նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները և ագրեսիվ հռետորաբանությունը պետք է ստանան միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը։

 

Լրահոս

Դիտել ավելին