Կարևոր իրադարձություններ

Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու մտադրութանը

09 Սեպտեմբեր, 2021 22:47
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու մտադրութանը

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդը հայտարարել է,որ Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու գործող իշխանության մտադրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Բաբաջանյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս եւ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։

Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության շահը որպես տարածաշրջանում պատասխանատու դերակատարի, պահանջում է, որպեսզի պաշտոնական Երեւանը սուվերեն դիրքորոշում ձեւակերպի հնարավոր գործընթացին ընդառաջ։

Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու գործող իշխանության մտադրությունը, հարցը սակայն դիտարկելով շատ ավելի խորքային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում խոսակցությունը, իսկ ապագայում նաև հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն, և գործողությունների քարտեզ, որը չի կարող սահմանափակվել միայն հրապարակված օրակարգով: Թուրքիայի հետ ուղիղ խոսակցությունը, իսկ ապագայում հարաբերությունների հաստատումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անխուսափելիորեն նվազեցնելով սպառնալիքներն ու մարտահրավերները:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Թուրքիայի հետ խոսակցությունը, իսկ ապագայում բանակցությունները չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի արցախյան հիմնահարցի հետ փոխկապակցման և ցեղասպանությունից մազապուրծ իր բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված մեր բյուրավոր ազգակիցների սերունդների արդար պահանջատիրության: Անկարայի հետ խոսակցություն և երկխոսություն սկսելուց առաջ պետք է հստակ հայտարարել, որ պաշտոնական Երևանը չի ներկայացնում սփյուռքին, ուստի Թուրքիայի իշխանություններն այսօր կամ ապագայում պարտավոր են գտնել մեր ժողովրդի սփյուռքյան հատվածի հետ ուղիղ երկխոսության ուղիներ:

Մոսկվայի կանխավ դրական արձագանքին զուգահեռ Երևանի և Անկարայի միջև ուղերձների վերջին փոխանակումների վերաբերյալ կարևորում ենք նաև տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող այլ ուժային կենտրոնների վերաբերմունքը:

Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը:

Համոզված ենք որ Թուրքիայի հետ խոսակցությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից եւ դրականորեն կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման, անվտանգության եւ կայունության միջավայրի վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին