Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ինչպես խուսափել սոցցանցերի միջոցով կատարվող հափշտակություններից. ոստիկանություն (տեսանյութ)

09 Սեպտեմբեր, 2021 15:46
Ինչպես խուսափել սոցցանցերի միջոցով կատարվող հափշտակություններից. ոստիկանություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ցավոք, կատարելագործվում են նաև հանցագործությունների եղանակներն ու ձևերը, և որոշ հանցամիտներ, կիրառելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, հափշատկություններ են անում արդեն վիրտուալ տիրույթում: Վերջին ժամանակաշրջանում լայն տարածում են գտել բանկային քարտերից կատարվող դրամական միջոցների հափշտակությունները, որոնք իրականացվում են սոցիալական ցանցերի օգտատերերին մոլորության մեջ գցելու եղանակով:

«Ենթադրյալ հանցագործները ստեղծում են հանրահայտ կազմակերպությունների կայքերի նմանակ կայքեր, դրանք գովազդում տարբեր սոցիալական ցանցերում, որոնցում նշում են, որ տվյալ ապրանքանիշը կրող կազմակերպությունը իր հիմնադրման տարելիցի առթիվ տրամադրում է անվճար նվերներ, որոնք ստանալու համար պետք է մուտք գործել նշված հղումով և լրացնել անհատական տվյալներ: Այդ ֆիշինգային՝ կեղծ կայքերը, որպես կանոն, պահանջում են լրացնել նաև բանկային քարտի կամ սոցիալական ցանցերում գրանցված անհատական հաշիվների տվյալները, որոնք լրացնելուց հետո դրանք հայտնվում են հանցագործի տիրապետության տակ։ Ստանալով բանկային քարտի վրա դաջված տվյալները՝ ենթադրյալ հանցագործը դրանում առկա դրամական միջոցները հափշտակում է՝ օգտագործելով էլեկտրոնային դրամապանակներ կամ առցանց POS տերմինալներ։ Ստանալով սոցիալական ցանցերի կամ էլեկտրոնային փոստի տվյալները՝ հանցագործը մուտք է գործում անհատական հաշիվներ, պատճենահանում նամակագրությունների նյութերը և դրանք չհրապարակելու սպառնալիքով գումար շորթում»,-մեզ հետ զրույցում ներկայացրեց ոստիկանության ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը։

Գործում է հափշտակության մեկ այլ եղանակ ևս։ Հանցամիտը սոցիալական ցանցերում ստեղծում է հանրահայտ անձանց անունով անհատական էջեր, տեղադրում այդ անձի որևէ նախկին տեսաուղերձ և հայտարարում մրցույթ՝ հաղթողին խոստանալով դրամական պարգև։ Ընդ որում, մրցույթի բարդության աստիճանը լինում է այնքան հեշտ, որ առավելագույն թվով օգտատերեր արձագանքեն դրան: Այնուհետև մրցույթի մասնակիցներին ուղարկվում են հաղորդագրություններ՝ նշելով, որ նրանք հաղթել են, և մրցանակը ստանալու համար պահանջում են տրամադրել բանկային քարտի տվյալները կամ պահանջում են գումար՝ մրցանակի տեղափոխման ծախսը հոգալու նպատակով:

Մեծ տարածում ունեն նաև բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից կատարվող հափշտակությունները: «Ենթադրյալ հանցագործները, սոցիալական ցանցերում հանդես գալով բուքմեյքերական ընկերության անվան տակ, գովազդում են ընկերությունների կայքերի նմանակ կայքերի հղումներ՝ խոստանալով մուտք գործելու դեպքում տրամադրել բոնուսային միավորներ կամ դրամական միջոցներ։ Օգտատերերը մուտք գործելով նմանակ կայքը՝ այնտեղ մուտքագրում են իրենց հաշիվների գաղտնաբառերը, որոնք անմիջապես փոխանցվում են ենթադրյալ հանցագործին։ Արդյունքում՝ հանցագործը հասանելիություն է ստանում տվյալ հաշվին և դրան բանկային քարտ կցված լինելու դեպքում հափշտակում բանկային քարտում առկա գումարը»,- պարզաբանեց Արմեն Աբրահամյանը։

Վերջին շրջանում լայն տարածում են ստացել նաև հափշտակությունները, երբ քաղաքացիների քարտային հաշվից խաբեությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ նույն սոցիալական ցանցերով կապ են հաստատում նրանց հետ և նամակագրության, ինչպես և զանգի միջոցով առաջարկում մի դեպքում՝ որպես դասակարգված վարկառուի վարկ տրամադրել, մեկ այլ դեպքում՝ իբր հանել սև ցուցակից։ Եւ վարկային պատմությունը կարգավորելու, այնուհետև վարկը քաղաքացիների քարտային հաշվին փոխանցելու պատրվակով պահանջում ու ստանում են նրանց բանկային քարտի տվյալները, այն է՝ քարտի վավերապայմանները կամ բանկային քարտի լուսանկարները, անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, ինչպես և դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշվին կցված հեռախոսահամարին ուղարկված գաղտնաբառը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։ Առցանց տիրույթում հաշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են նմանատիպ գովազդների հանդիպելիս ուշադրություն դարձնել գովազդվող կայքերի հղումներին և կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի կամ խաղային հաշիվների գաղտնաբառերը։ Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները կամ խաղային հաշիվների գաղտնաբառը և կրել ֆինանսական կորուստներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 011-56-27-18 հեռախոսահամարով»։

Լրահոս

Դիտել ավելին