Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետում ավարտին հասցնել անվճար առողջապահության ծրագիրը

08 Սեպտեմբեր, 2021 21:05
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետում ավարտին հասցնել անվճար առողջապահության ծրագիրը

ԱՀ նախագահը սեպտեմբերի 8-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որում քննարկվել են սոցիալական ոլորտի խնդիրները, կրթության ու առողջապահության ոլորտի մի շարք խնդիրներ, և դրանք լուծելուն ուղղված ծրագրեր են մշակվել:

Նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին դրամական աջակցության տրամադրման նոր ծրագիրը, որն արդեն գտնվում է վերջնականացման փուլում։

Համապարփակ քննարկումների արդյունքում նաև որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

Երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ Արայիկ Հարությունյանն, առաջին հերթին, հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին արդեն 2022 թվականի հունվարի 1-ից վերանայել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը՝ միջինը քսան տոկոսով բարձրացնելով դրանք։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքին:

Նա հանձնարարել է կարճ ժամկետում ավարտին հասցնել անվճար առողջապահության ծրագիրը՝ դրա հետ մեկտեղ աշխատելով առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

 

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԱՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրի իրականացման ընթացքից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է օր առաջ լուծում տալ նշված հարցին:

 

Լրահոս

Դիտել ավելին