Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը. Փաշինյան

08 Սեպտեմբեր, 2021 11:32
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը. Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցի մասին:

Նա հայտնեց, որ այդ հարցը քննարկվում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով:

«Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հասցրել եմ այցելել ԻԻՀ, իսկ այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման:

Այս համատեքստում կարևորում եմ «Հյուսիս-հարավ» նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը:

Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև:

Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- նշեց վարչապետը:

Նա նաև հույս հայտնեց, որ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացն օր առաջ ավարտին կհասցվի:

 

Լրահոս

Դիտել ավելին