Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին կողքին են, և որոնց հետ ակտիվ համագործակցության շնորհիվ կարողացել ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել։ Այս առումով հատուկ կարևորում եմ նաև Միացյալ Թագավորության դերը՝ Հայաստանին հետպատերազմական շրջանում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար»,- նշել է նախարարը։
Նարեկ Մկրտչյանն ընդգծել է երկրի կայուն զարգացմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարությունների մշակման կարևորությունը՝ շեշտելով ժողովրդագրության, զբաղվածության, կենսաթոշակային ապահովության և հանրային բնակապահովման ոլորտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում օգտակար է համարվել բրիտանական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանում անկախ կյանքի կենտրոնների ստեղծան, խմբային տների մոդելի ներդրման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերը։
Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների համապարփակ ներկայացման և հետպատերազմական ժամանակաշրջանում Միացյալ Թագավորության կողմից տրամադրված աջակցությանը լավատեղյակ լինելու համար։
«Այժմ մեր ֆինանսավորմամբ իրականացվում է մի ծրագիր, որի հիմնական նպատակը սահմանամերձ համայնքներում՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում զբաղվածության խթանումն ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն է։ Մեր նպատակն է օգնել այս համայնքներում բնակվող Արցախից տեղահանված անձանց տնտեսական զարգացմանը, և ուրախ եմ հայտնել, որ այս ծրագրի շրջանակում 70 քաղաքացու համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխել և ակտիվ համագործակցության ու փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքն օգտագործել հօգուտ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման։