Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

07 Սեպտեմբեր, 2021 17:20
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում նախարարության կողմից իրականացված արցախահայության աջակցության ծրագրերին՝ այս համատեքստում առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին կողքին են, և որոնց հետ ակտիվ համագործակցության շնորհիվ կարողացել ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել։ Այս առումով հատուկ կարևորում եմ նաև Միացյալ Թագավորության դերը՝ Հայաստանին հետպատերազմական շրջանում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է երկրի կայուն զարգացմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարությունների մշակման կարևորությունը՝ շեշտելով ժողովրդագրության, զբաղվածության, կենսաթոշակային ապահովության և հանրային բնակապահովման ոլորտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում օգտակար է համարվել բրիտանական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանում անկախ կյանքի կենտրոնների ստեղծան, խմբային տների մոդելի ներդրման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերը։

Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների համապարփակ ներկայացման և հետպատերազմական ժամանակաշրջանում Միացյալ Թագավորության կողմից տրամադրված աջակցությանը լավատեղյակ լինելու համար։

«Այժմ մեր ֆինանսավորմամբ իրականացվում է մի ծրագիր, որի հիմնական նպատակը սահմանամերձ համայնքներում՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում զբաղվածության խթանումն ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն է։ Մեր նպատակն է օգնել այս համայնքներում բնակվող Արցախից տեղահանված անձանց տնտեսական զարգացմանը, և ուրախ եմ հայտնել, որ այս ծրագրի շրջանակում 70 քաղաքացու համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխել և ակտիվ համագործակցության ու փորձի փոխանակման արդյունքում ստացված գիտելիքն օգտագործել հօգուտ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման։

 

Լրահոս

Դիտել ավելին