Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

07 Սեպտեմբեր, 2021 16:51
Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Սեպտեմբերի 6-ին նախարար Վահան Քերոբյանի նախագահությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ենթախորհրդի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, գերատեսչությունների և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներ։  

Նիստի մասնակիցները նշել են, որ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ անցկացվող ենթախորհրդի նիստերի անցկացման նպատակը ոչ միայն ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումը և դրանց լուծման տարբերակների քննարկումն է, այլև համատեղ աշխատանքի շնորհիվ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը։  

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ենթախորհրդի նախորդ նիստում քննարկված հարցերը և ներկայացվել հանձնարարականների մասով կատարված աշխատանքները։  

Մասնավորապես, ԴԱՀԿ կողմից ՓՄՁ սուբյեկտների պարտավորությունների վերադարձի գործիքակազմի բարելավման և հստակեցման, պատշաճ ծանուցման միասնական ձևաչափի մշակման հարցի վերաբերյալ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետը ներկայացրել է իրենց կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Քննարկվել է Հայաստանում էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգի ներդրման հարցը, որի միջոցով հնարավոր կլինի մեկտեղել ներկայումս գործող ծանուցման հինգ եղանակները։

Ներկայացվել է նաև ընտանեկան նպաստից չզրկվելու նպատակով որպես աշխատող գրանցվելուց խուսափելու հարցի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը Հայաստանում առկա իրավիճակի և լավագույն միջազգային փորձի վերաբերյալ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում աշխատունակ անձանց մեծ մասի՝ միջնակարգ կրթություն ունենալու պատճառով հիմնական և լավ վարձրատրվող աշխատանք գտնելու հավանականությունը փոքր է, ինչի հետևանքով շատերը գերադասում են ստանալ նպաստ և ոչ թե աշխատավարձ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակը կարգավորող որոշ տարբերակներ և ներկայացրել առաջարկներ։ Որոշվել է կազմակերպել քննարկում շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ մշակելու նպաստառուների աշխատանքի անցնելու և կայուն եկամուտ ձևավորելու արդյունավետ տարբերակներ։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ապրանքների դրոշմապիտակավորման, պետական գնումներին մասնակցության ընթացակարգերի և գործարարներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։

Մանթաշով գործարարների միության ներկայացուցիչը միության կողմից ներկայացրել է հարկային փոփոխությունների առաջարկությունների նախագիծը։

Հանդիպման ավարտին նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ արդեն հաստատված կառավարության նոր ծրագրին համահունչ պետք է լինի նաև ՓՄՁ ռազմավարությունը։ Նախարարը նաև նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական և ավելացրել, որ կարվեն գործուն քայլեր՝ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին լուծումներ տալու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին