Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանցիները մեր բնակիչների ողջ տարվա անասնակերը մի քանի ակնթարթում ոչնչացրել են. պատգամավոր (տեսանյութ)

07 Սեպտեմբեր, 2021 14:04
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Ադրբեջանցիները մեր բնակիչների ողջ տարվա անասնակերը մի քանի ակնթարթում ոչնչացրել են. պատգամավոր (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախօրեին այցելել էի Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հրդեհված արոտավայրեր․ պատկերն իսկապես սահմռկեցուցիչ էր։ Ադրբեջանցիները մեր բնակիչների ողջ տարվա անասնակերը մի քանի ակնթարթում ոչնչացրել էին։ Եվ այս հանցագործությունն իրականացնում են ս.թ. մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը:

Ինչպես արդեն ահազանգել էի, ադրբեջանցիները այրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը։ Տխուր է արձանագրել, որ հրդեհից տուժել են նաև այն քաղաքացիները, որոնց անասունները ադրբեջանցիները հափշտակել և առ այսօր չեն վերադարձրել։

Ադրբեջանական հանցագործությունների պատճառով սահմանամերձ մեր այս համայնքների բնակիչները փաստացի զրկված են իրենց հայրենիքում կյանքի, խաղաղ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքներից: Բացի այդ, բնակիչները զրկվել են նաև ապրուստի միջոցից: Ադրբեջանական ուժերը ստեղծում են վախի մթնոլորտ համայնքի բնակիչների և հատկապես երեխաների համար՝ հերթական անպատասխան մարտահրավերը նետելով միջազգային կառույցներին:

Ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ հերթական գրությունն առաջիկա օրերին կուղարկեմ միջազգային կառույցներին: ՀՀ խաղաղ բնակչության դեմ ուղղված այս հանցագործությունները պետք է խստորեն դատապարտվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմինների կողմից, որոնք իրենց իրավասության սահմաններում պետք է իրականացնեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ քայլերը՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանամերձ համայնքների քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության»:

Լրահոս

Դիտել ավելին