Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    560,5
    574,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը

07 Սեպտեմբեր, 2021 12:32
Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է, այն մակագրվել է դատարավոր Գնել Գասպարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Ավետ Լավրետ Սարգսյանին, Սեյրան Հովհաննես Արիստակեսյանին, Գոռ Վաչիկ Մանուչարյանին, Գրետա Աշոտ Թունյանին, Նունե Գևորգ Գասպարյանին, Վարդան Սևադա Իվանյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Մասնավորապես՝ Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:

Նախապես՝ մինչև այդ նպատակով գնման ընթացակարգեր նախաձեռնելը, պայմանավորված շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությամբ, համայնքապետի և նրա եղբոր՝ Ավետ Լավրենտի Սարգսյանի նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ Ավետ Սարգսյանը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի № 594 (Ա) որոշմամբ ստեղծվել է «ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9» ծածկագրով մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Գրետա Թունյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ՝ Նունե Գասպարյանը և Գոռ Մանուչարյանը, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Միրզոյանը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Աննա Կարապետյանը:

Հաջորդ օրը՝ 23.12.2016թ.-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն նշված համակարգ «Հիդրո» ՍՊԸ-ի կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով Ավետ Սարգսյանի նախաձեռնությամբ և նրա փոխարեն գնմանը՝ 2016 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, մասնակցության հայտ է ներկայացրել վերջինիս հետ փոխկապակցված՝ նրա ընտանիքի կնքահորը՝ Սեյրան Արիստակեսյանին, պատկանող «Արտաշատի ԷՑՇ» ՍՊ ընկերությունը: Ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար այդ ընկերությունն առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ: Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին՝ մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Գոռպլաստ» ՍՊ ընկերությունը, որին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար վերջինս առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ:

Տեղեկանալով «Գոռպլաստ» ՍՊԸ-ի հայտի մասին և գիտակցելով ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնելու ու դրանով պայմանավորված մրցույթին այդ ընկերության կողմից հաղթող ճանաչվելու անխուսափելիությունը՝ Արթուր Սարգսյանը, ունենալով շահադիտական և անձնական շահագրգռվածություն, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով հանձնարարել է գնահատող հանձնաժողովի քարտուղարին ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր և ամեն կերպ մերժել «Գոռպլաստ» ՍՊԸ-ի հայտը:

Այնուհետև, գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով «Գոռպլաստ» ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու և մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են նշված ընկերության հայտը՝ հայտում տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատելով անբավարար, մասնավորապես՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը: Մինչդեռ, հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի համաձայն՝ ներկայացվող վճարման պահանջագրերի 8-ից 11-րդ, այն է՝ «Շահառու», «Շահառուի ՀՎՀՀ», «Շահառուի բանկը», «Շահառուի հաշվեհամարը» տողերը ենթակա են եղել լրացման Շահառուի, տվյալ դեպքում՝ վերը նշված մրցույթային հանձնաժողովի կողմից: Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես «Գոռպլաստ» ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տվյալ ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած վճարման պահանջագրում Շահառուի կողմից պարտադիր լրացման ենթակա «Շահառուի բանկը» և «Շահառուի հաշվեհամարը» տողերը նույնպես լրացված չլինելու հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ն, որի հետ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման N ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9 պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը՝ Ավետ Սարգսյանին պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության հետ:

Դրանից ընդամենը երկու օր անց` 29.12.2016թ.-ին, համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքապետ Արթուր Սարգսյանն անձնական և շահադիտական այլ դրդումներով, կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող և բովանդակային կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «Է. Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական թիվ 1 ակտը, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ.-ի հունվարին:

Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Լրահոս

Դիտել ավելին