Կարևոր իրադարձություններ

Չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան

06 Սեպտեմբեր, 2021 19:30
Հեղինակ՝ ՀՀ ԱԳՆ
Չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

 

Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կարևորում է  Չինաստանի դիրքորոշումը:

Դեսպանի խոսքով, Չինաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը:

Արարատ Միրզոյանն ու Ֆան Յունն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարում Չինաստանի տրամադրած աջակցության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին