Կարևոր իրադարձություններ

Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել 21-ամյա մի երիտասարդի ուղղությամբ

06 Սեպտեմբեր, 2021 13:35
Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել 21-ամյա մի երիտասարդի ուղղությամբ

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել Կոտայք գյուղում. հայտնաբերվել է երեք պարկուճ:

Կոտայքի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայք գյուղում, ավտոմեքենայի շարժիչը նորոգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 25-ամյա երիտասարդն է կրակել, ապա նաև դանակով հարվածեր հասցրել տուժածին:

Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում` սպանության փորձ, հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի հինգի առավոտյան Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչն ինքնակամ գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի ինքնաձիգը` չորս փամփուշտով:

Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին