Կարևոր իրադարձություններ

Ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ. ՀՀ ԱԻ նախարարի ուղերձը

04 Սեպտեմբեր, 2021 11:52
Ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ. ՀՀ ԱԻ նախարարի ուղերձը

ԱԻՆ-ի աշխատողի օրվա կապակցությամբ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է.

«

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է, որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազյան, համաճարակային  բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր, առավել քան երբևէ, մեր արածները վերագնահատելու, համակարգի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու, անելիքները և աշխատանքի նոր ուղղություններ նախանշելու  անհրաժեշտություն կա:

Անցած ճանապարհն՝  ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմական, ցույց է տվել, որ խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք բոլոր իրավիճակներում արժանապատվորեն, անձնվիրաբար և բարձր պատրաստվածությամբ իրականացնել ձեր  մարդասիրական առաքելությունը: Դա  թույլ է տալիս  հպարտությամբ ասել, որ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ, որն այս տարիների ընթացքում նվաճել է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, մեր երկիրը դարձրել է աշխարհին  արժանապատվորեն ներկայացող կառույց:

Անցած և այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, ցավոք նաև ողբերգական, որոնց ժամանակ առավելագույնս դրսևորվել են մեր աշխատակիցների մասնագիտական ու քաղաքացիական որակները:

Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու,  մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհարվիրքներից պաշտպանելու հրամայականն է: Իսկ դրա  համար մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք մասնագիտական պատրաստվածության բարձացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը:  

Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում եմ առողջություն, անփորձանք աշխատանք, խաղաղություն մեր երկրին և երջանկություն ձեր ընտանիքներին: Վստահ եմ, որ այսուհետ  ևս  մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեք իրականացնել մեր բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին