Կարևոր իրադարձություններ

Մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

03 Սեպտեմբեր, 2021 17:30
Մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Օգոստոսի 23-ին «գանգուղեղային վնասվածք, հեմատոմա, սրտամկանի սուր ինֆարկտ, ձախ քունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու, իսկ հարազատները հիվանդանոցում հայտնել էին, որ տղամարդը 3 օր առաջ Արտաշատում ընկել է:

Հարազատների հայտնած տեղեկությունը իրավապահներին արժանահավատ չէր թվացել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ եղելությունը պարզելու ուղղությամբ։

Կարճ ժամանակ անց ստացվեցին տվյալներ, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը օգոստոսի 20-ին ոչ թե ընկել էր, այլ Մրգավան գյուղում գումարային հարցերի շուրջ վիճել էր 56-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում իրար հարվածներ էին հասցրել։

Մրգավանի 56-ամյա բնակիչը կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա խոստովանեց, որ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքով խփել է 60-ամյա տղամարդու դեմքին, նա էլ բերանքսիվայր ընկել է:
Սեպտեմբերի 2-ին հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին