Կարևոր իրադարձություններ

«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

03 Սեպտեմբեր, 2021 16:41
«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:

Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նրանք մեկ տարվա աշխատանքի արդյունքում կարող են իրենց ներդրումն ունենալ պետական համակարգի բարեփոխումների գործում:

«Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում այս ծրագիրը շատ կարևոր բաղադրիչ է: Այն օգնում է սփյուռքի մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանին: Սա հնարավորություն է պետական համակարգի աշխատանքը ներսից տեսնելու և այն բարեփոխելու գործում ներդրում ունենալու տեսանկյունից: Ծրագիրը նաև հայրենասիրության դրսևորում է, քանի որ շատերը, վստահաբար, թողնում են ավելի լավ պայմաններ և գալիս Հայաստան»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն իր ուրույն մասնակցությունը կունենա գերատեսչության աշխատանքներին. «Մասնակիցները տարբեր երկրներից են, ինչը նշանակում է՝ ունենալու ենք 5 տարբեր փորձառություն և աշխատելաոճ: Լիահույս ենք, որ բոլորի գործունեությունը կհաջողվի: Նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն արագ ինտեգրվի աշխատակազմին»:

Ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ մասնագետները նախարարությունում լիովին կիրացնեն իրենց ներուժը. «Շնորհակալ եմ ԿԳՄՍ նախարարությանը երկրորդ տարին անընդմեջ մեր մասնագետներին ընդունելու համար: Առաջին ամիսներին հնարավոր են դժվարություններ՝ պայմանավորված մշակութային տարբերություններով ևս, բայց մեր մասնակիցներին խնդրում եմ կենտրոնանալ ոչ թե ակնկալիքների, այլ մտադրությունների վրա: Հուսով ենք՝ այնքան կսիրեք ԿԳՄՍ նախարարությունում ձեր աշխատանքը, որ մեկ տարի հետո կցանկանաք շարունակել աշխատել և ապրել Հայաստանում»:

«իԳործ» ծրագրի մասնակիցներից Մարինա Ներսեսյանը նշել է, որ Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքից հայրենիք է ժամանել հստակ նպատակով. «Հայաստան եմ եկել, քանի որ սիրում եմ իմ երկիրը և ցանկանում եմ օգտակար լինել կարողություններիս չափով: Պատրաստակամ եմ կիսել իմ փորձն ու գիտելիքները և վստահ եմ, որ շատ բան էլ սովորելու եմ ձեզանից»:

Հալեպից Հայաստան ժամանած Հակոբ Մակդիսը ևս ընդգծել է ծրագրի կարևորությունը. «Շնորհակալ ենք այս հնարավորության համար: Կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է մեր երկրի զարգացման գործում»:

Յուրօրինակ կոչ հղելով սփյուռքին՝ ծրագրի մասնակիցը շեշտել է. «Մենք չենք կարող Հայաստանը սիրել միայն խոսքերով, պետք է գալ հայրենիք, աշխատել և ներդրում ունենալ հանրապետության զարգացման գործում»:

 

Լրահոս

Դիտել ավելին