Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ում գործեր ներկայացնելը թողնված է նախարարի բացարձակ հայեցողությանը. Արդարադատության նախարարության պատասխանը՝ Գագիկ Ջհանգիրյանին. Armdaily.am

03 Սեպտեմբեր, 2021 11:31
ԲԴԽ-ում գործեր ներկայացնելը թողնված է նախարարի բացարձակ հայեցողությանը. Արդարադատության նախարարության պատասխանը՝ Գագիկ Ջհանգիրյանին. Armdaily.am

ArmDaily.am-ը գրում է.

«Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին ԲԴԽ նիստում նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել էր արդարադատության նախարարի՝ նիստերին չներկայանալուն՝ նշելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը ևս արդարադատության նախարարի լիազորությունն է և եթե հաջորդ նիստին արդարադատության նախարարը ներկա չեղավ նիստին` առանց իր ներկայության նիստը չեն սկսի։

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն, անդրադառնալով ArmDaily.am-ի հարցին, թե արդյոք հաջորդ նիստին Արդարադատության նախարարը ներկա կլինի ԲԴԽ նիստին, պատասխանեց, որ նախ՝ Դատական օրենսգրքում 2020 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում նախկին պահանջը փոխվել է, և գործող օրենսգրքում հստակ սահմանված է, որ Լիազոր մարմինը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին:

«Իսկ մինչև 2020 թվականի օրենսդրական փոփոխությունները, միայն անհնարինության դեպքում էր տրվում նման հնարավորություն, որ արդարադատության նախարարի տեղակալը ներկա լիներ ԲԴԽ նիստի․ այսօր այդ պահանջը բացակայում է։ Իհարկե, անչափ կարևորելով ԲԴԽ նիստերն ու ամենայն հարգանք տածելով Խորհրդի բոլոր անդամների ու, առհասարակ, այդ ինստիտուտի նկատմամբ՝ չպետք է մոռանալ, որ արդարադատության նախարարի օրակարգը բազմազբաղ է՝ պայմանավորված այն լայն լիազորությունների շրջանակով, որն ունի նախարարը։ Իսկ այդ օրակարգն ու առաջնահերթությունները որոշում է նախարարը, Բարձրագույն դատական խորհրդում էլ գործեր ներկայացնելը թողնված է նախարարի բացարձակ հայեցողությանը։ Ու չնայած ԲԴԽ նիստերին ներկա լինելու մեծ ցանկությանը, օբյեկտիվ պատճառներով ոչ միշտ է լինում նման հնարավորություն։ Այն պնդումն էլ, որ «․․․եթե հաջորդ նիստին արդարադատության նախարարը ներկա չեղավ, առանց իր ներկայության նիստը չենք սկսի» ու դա կյանքի կոչելը՝ կլինի օրենքի կոպտագույն խախտում, ինչը վստահ ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը երբեք թույլ չի տա»։

Նշենք, որ ԲԴԽ-ում սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16.30-ին տեղի կունենա արդարադատության նախարարությանն միջնորդությամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին