Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ԱԳՆ

02 Սեպտեմբեր, 2021 10:36
Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ԱԳՆ

Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․

«30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը:

Անկախության հռչակագիրն արցախահայության՝ իր հայրենի հողում ազատ և անվտանգ ապրելու անկոտրում կամքի օրինական արտահայտումն էր, որն ամրագրվեց 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեով։ Այն պարտադրված էր տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայ բնակչության դեմ էթնիկ պատկանելիության հիմքով իրականացրած խտրական և բռնաճնշումների քաղաքականությամբ, որի նպատակն էր հայաթափել Արցախը, ինչի մասին ամենաբարձր մակարդակով տարբեր ժամանակներում հայտարարել են ադրբեջանական իշխանությունները։

Անկախության հռչակագրի ընդունմամբ և անկախության հանրաքվեով Արցախի ժողովուրդը ձգտում էր իրավական կամարտահայտության միջոցով ղարաբաղյան հիմնահարցն առճակատման տրամաբանությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ հասնելու հիմնախնդրի արդարացի լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
Ի պատասխան արցախահայության օրինական ձգտումներին՝ Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով Արցախում և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։
Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը և շարունակական սպառնալիքները, Արցախի դեմ 2016թ․ և հատկապես 2020թ․ ռազմական ագրեսիաները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և ծրագրված ոչնչացումը վկայում են, որ արցախահայությունը շարունակում է կանգնած մնալ ֆիզիկական գոյության սպառնալիքի առջև և չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության և իրավասության ներքո։

Հանուն իր գոյության և ինքնության՝ Արցախի ժողովրդի հերոսական պայքարը հայրենասիրության, խիզախության և տոկունության օրինակ է ողջ հայության համար: Եվ այս պատմական օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության և պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած բոլորի առջև։

Անցնող 30 տարիների ընթացքում Արցախը կարողացել է պետական կառավարման կենսունակ մարմիններ ստեղծել և անցկացնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ՝ ընտրելով իր օրինական ներկայացուցիչներին և կայացնելով ժողովրդավարական ինստիտուտները։

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը՝ որպես հիմք՝ ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:

Լրահոս

Դիտել ավելին