Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական զինված ուժերի արարքները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր բնակիչների համար․ ՄԻՊ (տեսանյութ)

01 Սեպտեմբեր, 2021 23:44
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Ադրբեջանական զինված ուժերի արարքները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր բնակիչների համար․ ՄԻՊ (տեսանյութ)

Ըստ մեր փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է՝

 1) Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք.

 2) Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք.

 3) Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք.

 4) Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:

 Բոլոր 4 գյուղերում միասին այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ:

Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել է խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոտհնձիչը։

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը:

 Դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:

 Այս բոլոր ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով: Մշտական կապի մեջ ենք համայնքային մարմինների, բնակիչների, ԱԻՆ համապատասխան ծառայությունների հետ:

 Ադրբեջանական զինծառայողների հանցավոր արարքների պատճառով մարդիկ զրկվել են ապրուստի աղբյուրից, ինչն էլ նպաստելու է սոցիալական խնդիրների ավելացմանը:

Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ՝ դրանով իսկ դիվերսիոն և ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:

 Հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար (հրդեհներին ամենամոտը Կութ գյուղն է):

 ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:

 

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին