ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել օտարածին բուսատեսակների ցանկեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն-ից:
Այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր և հսկայական վնասներ հասցնում տնտեսությանը:
Գիտական խումբը ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը, ով նշել է, որ այս հետազոտությունը հիմնարար աշխատանք է և հիմք է ծառայելու հատուկ պահպանվող տարածքներում բույսերի պահպանությունն արդյունավետ իրականացնելու համար:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։
Այդ բույսերն են`
«Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Հոտոտ արևելյան, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա:
«Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ:
«Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Անթեմ տրիումֆետիի, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Տատասկ ալեհեր, Կոնիզա կանադական, Բալդրղան թավոտ, Կտուցախոտ արևելյան, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված:
«Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Գինազոխ բծավոր, Չիչխան դժնիկանման, Սպիտակածաղիկ սովորական, Կառ փշոտ, Կտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
«Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանման, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Սպիտակածաղիկ սովորական, Լվածաղիկ սովորական:
«Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Ամբրոզիա օշինդրատերև, Տատասկ ալեհեր, Հոտոտ խաղողատերև, Կոնիզա կանադական, Բալդրղան Սոսնովսկու, Բալդրղան թավոտ, Սպիտակ ակացիա:
«Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան, Տերեփուկ վրացական, Տատասկ ալեհեր, Հոտոտ արևելյան, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա, Կաթնափուշ բծավոր, Լվածաղիկ կուսատերև, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:
Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը:
«Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը:
Նա նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - ասաց Գեորգի Ֆայվուշը։