Կարևոր իրադարձություններ

Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բացահայտումը

01 Սեպտեմբեր, 2021 18:42
Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բացահայտումը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել  օտարածին բուսատեսակների ցանկեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն-ից:

Այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր և հսկայական վնասներ հասցնում տնտեսությանը:

Գիտական խումբը ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը, ով նշել է, որ այս հետազոտությունը հիմնարար աշխատանք է և հիմք է ծառայելու հատուկ պահպանվող տարածքներում բույսերի պահպանությունն արդյունավետ իրականացնելու համար:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ  բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։

 

Այդ բույսերն են`

 

  • «Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Հոտոտ արևելյան, Դառը բիան, Կառ փշոտ, Սպիտակ ակացիա:

  • «Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն, Կանճրակ թուրքեստանյան,  Տերեփուկ վրացական, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Կոնիզա կանադական, Դառը բիան, Կառ փշոտ:

 

    • «Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավուն,  Անթեմ տրիումֆետիիՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինՏատասկ ալեհերԿոնիզա կանադականԲալդրղան թավոտԿտուցախոտ արևելյանՍպիտակ ակացիաԿաթնափուշ բծավորԼվածաղիկ սովորականԽռնդատ փռված:

 

  • «Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակի, Տերեփուկ արևային, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Գինազոխ բծավոր, Չիչխան դժնիկանման, Սպիտակածաղիկ սովորական, Կառ փշոտ, Կտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորական, Խռնդատ փռված, Անմեռուկ չռված:

  • «Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանման, Խիժաճարճատուկ կնյունանման, Տատասկ ալեհեր, Սպիտակածաղիկ սովորական, Լվածաղիկ սովորական:

  • «Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերև, Հազարտերևուկ ասպիրակի, Երկնածառ բարձրավուն,  Ամբրոզիա օշինդրատերև, Տատասկ ալեհեր, Հոտոտ խաղողատերև, Կոնիզա կանադական, Բալդրղան Սոսնովսկու, Բալդրղան թավոտ, Սպիտակ ակացիա:

    «Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավուն,  Կանճրակ թուրքեստանյանՏերեփուկ վրացականՏատասկ ալեհերՀոտոտ արևելյանԿոնիզա կանադականԴառը բիանԿառ փշոտՍպիտակ ակացիաԿաթնափուշ բծավորԼվածաղիկ կուսատերևԽռնդատ փռվածԱնմեռուկ չռված:

Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է  տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են  Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը:

(https://www.researchgate.net/publication/346051947_Aggressive_plants_The_most_important_invasive_and_expanding_plants_of_Armenia): 

«Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը: 

Նա նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - ասաց Գեորգի Ֆայվուշը։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին