Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Մայր բուհում ձեզ սպասում են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ. Հովհաննես Հովհաննիսյան

01 Սեպտեմբեր, 2021 12:41
Մայր բուհում ձեզ սպասում են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ. Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով համալսարանականներին նոր ուսումնական տարվա առիթով: 

«Սիրելի´ համալսարանականներ,

նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի պետական համալսարանը ջերմորեն ողջունում է կրթության և գիտության հաջողությունների վաղվա օրը կերտողներիդ: Մայր բուհում ձեզ սպասում են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ և նոր մարտահրավերներ։

Վստահ եմ՝ «համալսարանական» պարտավորեցնող կոչումը ստանձնելու եք մեծ պատասխանատվությամբ և պատվով եք ներկայացնելու Երևանի պետական համալսարանը մեր հայրենիքում և դրա սահմաններից դուրս։ Որակյալ կրթություն ստանալու մրցապայքարը ժամանակակից աշխարհում թևակոխում է նոր փուլ։ Երևանի պետական համալսարանն իր պրոֆեսորադասախոսական կազմով ու բարեփոխումների նոր ծրագրով պատրաստ է ձեզ ապահովելու մրցունակ գիտելիքներով, ստեղծագործ միջավայրով և որակյալ կրթությամբ։

Ուսումնառությունը բարդ ու տքնաջան աշխատանք է, որը ձեզանից պահանջելու է համալսարանականին բնորոշ էթիկա, համագործակցային մթնոլորտ և պատասխանատվության բարձր զգացում։ Մեր երկրին պատուհասած համավարակի ու պատերազմի պայմաններում մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հսկայական անելիքներ ունեն նոր մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու և անցյալի սխալները թույլ չտալու համար։

Որակյալ կրթությունը, առաջադեմ գիտական միտքը և կարգապահությունն են այն զենքերը, որոնցով մենք պայքարելու ենք նորօրյա արհավիրքների դեմ, և վստահ եմ՝ հաջողելու ենք ու հաղթանակած ենք դուրս գալու այս պայքարից։ Սիրելի´ համալսարանականներ, սեպտեմբերի 1-ին յուրաքանչյուրս պետք է մուտք գործենք մայր բուհ մեր հայրենիքի, համալսարանի ու մեր առջև դրված խնդիրների լուծման բարձր գիտակցումով ու պատասխանատվությամբ։

Երևանի պետական համալսարանում առկա են բարձրորակ կրթության և արդյունավետ հետազոտական աշխատանքի իրականացման համար լավագույն պայմաններ, մարզամշակութային բազմազան միջոցառումներ կազմակերպելու լայն հնարավորություններ:

ԵՊՀ-ն մեր երկրի բարձրագույն կրթության համակարգում առաջատարի իր դիրքն ապահովում է արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմի և ջանասեր ուսանողների շնորհիվ: Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորում եմ բոլոր համալսարանականներին, մաղթում բազում ձեռքբերումներ և հաջողություններ ուսումնական տարվա ու հետագա գիտահետազոտական գործունեության ընթացքում»,- գրել է Հովհաննիսյանը:

Լրահոս

Դիտել ավելին