Կարևոր իրադարձություններ

Ձեր սերնդին վիճակվեց առնչվելու զրկանքների, կորուստների և դառնությունների հետ, բայց գալիքը լուսավոր է․ Միքայել Վիրաբյան

01 Սեպտեմբեր, 2021 10:55
Հեղինակ՝ Միքայել Վիրաբյան
Ձեր սերնդին վիճակվեց առնչվելու զրկանքների, կորուստների և դառնությունների հետ, բայց գալիքը լուսավոր է․ Միքայել Վիրաբյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով․

«Սիրելի դպրոցականներ

Ահա և եկավ կրթության հարատև և շնորհակալ գործի ամենամյա մեկնարկի բաղձալի օրը: Սեպտեմբերի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը կմտնի դասարան, որտեղ իրեն կդիմավորեն հոգատար և արհեստավարժ մանկավարժները: Դուք կթևակոխեք գիտության անափ օվկիանոսից ձեր գիտելիքների պաշարը համալրելու պատասխանատու հերթական փուլը:

Այսօրվա աշխարհում գոյատևելու և բարգավաճելու հիմնական նախադրյալը հենց գիտելիքն է: Գիտելիքի շնորհիվ է, որ երկրներն առաջընթաց են ապրում, զարգանում և առաջադիմում: Դուք եք մեր վաղվա հայրենիքի իրական տերերը, ըստ այդմ, պարտավոր եք սիրով ու մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել ուսումնական գործընթացին, լինել ուշիմ և սովորել լավ: Մի օր, մենք վստահ ենք, դուք կկառուցեք շատ ավելի լավ՝ բարեկեցիկ և հզոր հայրենիք, քան դա հաջողվեց մեզ: Իսկ դրա համար անհրաժեշտ է լավ սովորել, զինվել գիտելիքներով, լինել հայրենասեր և դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացին:

Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին:

Սիրելի բալիկներ: Ձեր կյանքը թևակոխում է որոկական նոր փուլ: Դուք ոտք եք դնում կրթության զարմանահրաշ աշխարհը: Ձեր սերնդին վերապահված է մեծ առաքելություն՝ կառուցելու և շենացնելու մեր սիրելի հայրենիքը: Կանաչ ճանապարհ ձեզ:

Սիրելի դպրոցականներ, ձեր սերնդին վիճակվեց առնչվելու զրկանքների, կորուստների և դառնությունների հետ, բայց գալիքը լուսավոր է, և մենք վստահ ենք, որ բոլորիս վաղվա հայրենիքը կլինի լույսի, հույսի և բարեկեցության օրրան: Եվ դա՝ ձեր շնորհիվ:
Շնորհավոր գիտելիքի և դպրության օրը»:

 

Լրահոս

Դիտել ավելին