Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կենսագրությունը

04 Օգոստոս, 2021 12:52
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կենսագրությունը

2021 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Անդրեասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Տասը սեպտեմբերի, 1977 թվական:

Աշխատանքային գործունեություն 

1997 թվականին աշխատել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ շինարարության և բարեկարգման վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

1997-1998 թվականներին աշխատել է որպես մարդու իրավունքների ուսուցիչ՝ թիվ 120 միջնակարգ դպրոցում:

1998-1999 թվականին աշխատել է ՀՀ պաշտանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչությունում՝ որպես թարգմանիչ-ռեֆերենտ:

1999 թվականին աշխատել է Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական:

1999-2001 թվականներին դասավանդել է վարչական իրավունք՝ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:

2000 թվականին համատեղությամբ աշխատել է ՀՀ Իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում` որպես տնօրեն:

2001 թվականին համատեղությամբ աշխատել է «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում` որպես ծրագրի համակարգող:

2001-2002 թվականներին համատեղությամբ աշխատել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

2003-2004 թվականներին՝ որպես միջազգային փորձագետ և խորհրդատու, միաժամանակ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում: 

2003-2004 թվականներին դասավանդել է մարդու իրավունքներ՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:

2005-2008 թվականներին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև` փոխտնօրեն:

2006-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:

2007 թվականին վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում:

2009 և 2010 թվականներին հեղինակել և վարել է «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում:

2008-2009 թվականներին Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար:

2008-2010 թվականներին հանդիսացել է «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենը:

2011 թվականին ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան և պաշտոնավարել մինչև 2016 թվականը։

2016-2021 թվականներին կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ ՄԱԿ Զարգացման ծրագրում, Checchi and Company Consulting ընկերությունում, MSI-ում (Management Systems International), Եվրոպական լրագրության կենտրոնում, «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ում, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն ավելի տեղեկացված քաղաքացիների համար» ծրագրում։

2017-2021 թվականներին զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։

2021 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Կրթություն

1994թ. ավարտել է Երևան քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը:

1994 – 1999 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը:

1999 – 2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը սահմանադրական և վարչական իրավունքի գծով:

2001-2007 թվականներին դասավանդել է սահմանադրական իրավունք, վարչական իրավունք և տեղեկատվական իրավունք Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (2005 թվականին շնորհվել է Երևանի պետական համալսարանի դոցենտի գիտական կոչում):

1999 թվականին սովորել է Մարդու միջազգային իրավունքներ և վարչական իրավունք ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում:

1999 և 2001 թվականներին վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում` մասնակցելով տեղեկատվական իրավունքի դասընթացների:

2001 թվականին մարդու իրավունքների միջազգային պաշտպանության վերաբերյալ երկամսյա ուսուցում է անցել Մոնրեալում` Մարդու իրավունքների կանադական կենտրոնում:

2003, 2005 և 2007 թվականներին Նիդերլանդների թագավորությունում մասնակցել է տեղեկատվական իրավունքի, հետաքննական լրագրության և լրագրողական էթիկայի խնդիրներին առնչվող Եվրոպական լրագրության կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացների:

Այլ տեղեկություններ

2006 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։

Շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: 

 

Լրահոս

Դիտել ավելին