Կարևոր իրադարձություններ

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

31 Հուլիս, 2021 10:34
Հեղինակ՝ Շիրակի մարզպետարան
Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության հետ քննարկել է իրականացվող ծրագրերը,  համայնքներում ջրամատակարարմանն առնչվող հիմնախնդիրները։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

 

Կարևորելով ջրամատակարար ընկերության անխոչընդոտ աշխատանքն ու իրականացվող ծրագրերում թերացումների բացակայությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է բնակչության կողմից բարձրաձայնվող մի շարք հարցերի և հորդորել աշխատանքներում լինել առավել պատրաստակամ:

«Մեզ համար կարևոր է, որ Շիրակում իրականցվող ցանկացած աշխատանքում դուք հաջողեք, այստեղ մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու՝ հնարավորությունների սահմաններում, սակայն մեզ համար կարևոր է նաև, որ ընկերությունն առավել արագ արձագանքի բարձրաձայնված խնդիրներին, վթարավերականգնողական աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերվի։ Ինչ վերաբերում է համայնքներին, ապա մեզ համար օրակարգային է մնում Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներում ընկերության հետ հստակ համագործակցությունը, ինչը թույլ կտա զերծ մնալ սխալներից ու ձգձգումներ աշխատանքներում չեն լինի»։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հասցեական մի շարք հարցեր, նաև մարզի մի քանի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և համայնքների՝ ընկերության բաժանորդ դառնալուն առնչվող հարցեր։ 

Հովհաննես Հարությունյանը խոսելով  կառավարության և KFW բանկի հետ համատեղ մեկնարկած ծրագրի մասին նշել է, որ կարևոր է դրա իրականացումը։ Ըստ այդմ, 2021-2023 թթ․ համայնքային ենթակառուցվածքների երկրորդ  ծրագրով մարզի 13 համայնքներում կիրականացվի  ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքներ։

 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանը  պատրաստակամություն է հայտնել համագործակցելու, անդրադարձել ընկերության` պայմանագրով սահմանված գործառույթներին և վստահեցրել, որ իրենք ևս ամեն ինչ կանեն աշխատանքներում թերացումները բացառելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին