Կարևոր իրադարձություններ

Հայհոյելը կդառնա քրեորեն պատժելի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

30 Հուլիս, 2021 18:29
Հայհոյելը կդառնա քրեորեն պատժելի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին  օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագիծն ընդունվեց 72 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայներով։

Նախագծով առաջարկվում է սահմանել, թե ովքեր են «իշխանության ներկայացուցիչները» և ինչ պատասխանատվություն է նախատեսվելու նրանց վիրավորելու կամ զրպարտելու համար․

ա) նախատեսել, որ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով։ Իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:

բ) սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով`100-500 հազար դրամի չափով: Միաժամանակ, Նախագծի նշյալ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` 500 հազարից 3 միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային կյանքում մարդկային հարաբերությունների որակի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև հանրային իշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչի վկայությունն այն է, որ հաճախակիացել են դեպքերը (հաճախ նաև համացանցի միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով), երբ հանրային ծառայության մեջ գտնվող անձին, այդ թվում՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձին վիրավորում կամ զրպարտում են:

«Անձին վիրավորում կամ զրպարտում են ոչ թե նրան դիտարկելով որպես իրավահարաբերությունների մասնավոր սուբյեկտ, այլ որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձի, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները: Նման պարագայում, երբ անձին իր ծառայողական պարտականությունները կատարելու համար հասցվում է վիրավորանք կամ զրպարտություն, համարժեք իրավական արձագանք է անհրաժեշտ:

Անշուշտ, այս խնդրի ամբողջական և երկարաժամկետ լուծումը պահանջում է գաղափարական-տեղեկատվական մեծ աշխատանք, սակայն խնդիրն իր բնույթով, ծավալով այնքան տարածված է և նաև միտումներ ունի ավելի ընդլայնվելու, որ իրավական պատասխանատվության միջոցով կանխարգելման մեխանիզմներ ներդնելն անհրաժեշտություն է դարձել:

Ավելին, հաճախ այդպիսի արարքներն այնքան մեծ հանրային վտանգավորություն են ներկայացնում, որ արարքի համար հարկ է նախատեսել հենց քրեական պատասխանատվություն՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Ընդ որում, Նախագծում զրպարտությունը դիտարկվել է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք»,-նշվում է հիմնավորման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին