Կարևոր իրադարձություններ

Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ

30 Հուլիս, 2021 15:54
Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ

Հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137 հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: Որպես հանցակազմի տեսակ նախատեսվել է նշված արարքը, ինչպես նաեւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքները անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը: Նախագծով նախատեսվում է նաեւ հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:

Հիմնական զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացվող նախագծերի փոփոխությունները չափազանց կարեւոր են հասարակության համար: «Տարիներ առաջ ՀՀ-ն ապաքրեականացրեց վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը եւ որպես արդյունավետ պաշտպանության միջոց նախատեսեց քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում դրանց կարգավորումը: Այդուհանդերձ, մենք պետք է վիրավորանքից տարբերենք հայհոյանքը եւ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը՝ հայհոյախոսությունը»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը, ապա ավելացրեց,- «հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա եւ մնալու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենա՞կ, թե՞ հայհոյանքի արգելքը սահմանելու է օրենքով»:

Օրենքի նախագծի ընդունմամբ քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ կնախատեսվեն անձանց պատվին ու արժանապատվությանը սպառնացող առավել վտանգավոր դրսեւորումների համար:

Հարակից զեկուցմամբ Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Փոխնախարարը նշեց, որ փոփոխությամբ կկանխվի մեր հասարակությունում հայհոյանքն ու նաեւ անձի արժանապատվությանն անպարկեշտ եղանակով վիրավորանք հասցնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին