Կարևոր իրադարձություններ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պահանջում է մերժել «մեզ սպառնացող դավադիր ծրագիրը»

29 Հուլիս, 2021 20:11
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պահանջում է մերժել «մեզ սպառնացող դավադիր ծրագիրը»
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում եմ ամբողջությամբ․
 
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հանցագործ բռնապետության կողմից Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում այլեւս պարբերական բնույթ ստացած՝ կյանքեր խլող սադրանքների, զինված բախումների հրահրման ֆոնին Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է դիմելու Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահամանապահների հենակետեր։
 
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հնչեցրեց հայտարարություն, որով քննադատության ենթարկելով Ալիեւի ռեժիմի կողմից տարվող՝ տարածաշրջանային եւ եվրոպական խաղաղությունը, անվտանգությունը եւ ապագան վտանգող քաղաքականությունը։
 
Միեւնույն ժամանակ, նա շրջանցեց դրանում Ռուսաստանի ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձեւավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է եւ ցինիզմը, եւ հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։
 
Համոզված ենք, որ Ալիեւի կոռումպացված բռնապետությունն իրեն այդ աստիճանի անբռնազբոս չէր դրսեւորի, եթե իր հաշվարկներում չունենար․
 
ա/ Ռուսաստանի Դաշնության լռակյաց խրախուսումը եւ ՀԱՊԿ կոչված դաշինքի փաստացի հրաժարումն իր կողմից ստանձնած պարտավորություններից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պաշտոնական Երեւանի կողմից դրսեւորվող կրավորական կեցվածքի ֆոնին, պայմանավորված վախերով Մոսկվայի հնարավոր բիրտ եւ անօրեն քայլերի նկատմամբ;
 
բ/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարության կաշկանդվածությունը՝ համարժեք, երկրի շահերից բխող՝ հակազդող ռազմաքաղաքական մարտավարություն եւ ռազմավարություն կառուցելու եւ կիրառելու գործում, կապված ռուսական կողմի անթաքույց եւ անօրինական ճնշումների հետ;
 
գ/ Պաշտոնական Երեւանի՝ արտաքին քաղաքականությունների բազմազանեցման գաղափարի իսպառ մերժումը, ինչը նույնպես պայմանավորված է Մոսկվայի կողմից ճնշումներով, այդ թվում՝ Հայաստանի դեմ եւ երկրի ներսում հիբրիդային պատերազմ մղող հինգերորդ շարասյան եւ տեղեկատվական դիվերսիաների ամենացինիկ և անթաքույց օգտագործմամբ։
 
Այսու, Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ վարվող քաղաքականությունը եւ կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ վտանգավոր պատրանքից, թե սահմանների անվտանգությունը կարելի է ձեռք բերել երկրի ինքնիշխանության զիջմամբ։
 
Հանուն Հանրապետության Կուսակցությունն անընդունելի է համարում գործադիր իշխանության կողմից ցանկացած նահանջ Հայաստանի Անկախության Հռչակագրից (1990), Հայաստանի Հանրապետության Անկախության հանրաքվեի արդյունքներից (1991),մեր պետության սահմանադրական կարգի հիմունքները սահմանող՝ ՀՀ Սահմանադրության
 
Հոդված 1-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ Հոդված 2-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ցանկացած իշխանություն օժտված չէ մանդատով՝ պարտադրանքի ներքո հանձնելու ինքնիշխանությունը օտարին։
Հանուն Հանրապետության Կուսակցությունը կոչ է անում այս բախտորոշ հարցում համախոհ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին․
 
- մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը
 
- միատեղելով Հայաստանի, հայության եւ նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ եւ ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում։
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՊԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ
 

Լրահոս

Դիտել ավելին