Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ավագանին հաստատեց

29 Հուլիս, 2021 14:03
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ավագանին հաստատեց

Երևանի ավագանին հաստատեց Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող ավագանու որոշման նախագիծը:

Նախագծի հեղինակներն էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նախագծով առաջարկվում էր բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։

«Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68,000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում»,-նշեց Հովհաննիսյանը :

«Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին եւ հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, ուստի այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ: Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր եւ հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,- եզրափակեց նա:

Այնուհետև ավագանու անդամների միջև տեղի ունեցավ քննարկում ու մտքերի փոխանակություն: 

Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո հարցը դրվեց քննարկման: Որոշումն ընդունվեց 34 կողմ, դեմ 2, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին