Կարևոր իրադարձություններ

Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը

28 Հուլիս, 2021 19:31
Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը

Նախադպրոցական կրթության ոլորտում կսահմանվի մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը։

Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների սահմանած կարգով և ժամկետներում: Տարբերվում են նաև համայնքների սահմանած ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Իրավական ակտի ընդունումը կսահմանի նախադպրոցական կրթության ոլորտում մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

Երեխայի ընդունելությունը

Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված տարիքային խմբին համապատասխան: Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը մուտքագրում է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառավարման տեղեկատվական համակարգ»։

Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն ծնողի ընտրությամբ կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով դասընթաց իրականացնող խմբում: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու կամ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով դասընթացի առկայության դեպքում:

Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, կամ երեք և ավելի երեխա ունեցող, կամ զինծառայող ծնողի երեխաներին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։ Հաշվի առնելով համայնքի առանձնահատկությունները՝ համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են սահմանել այլ առաջնահերթություններ:

Երեխայի հերթագրումը

Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Երեխայի հերթագրումը հաստատություն իրականացվում է ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա: Երեխային մանկապարտեզում հերթագրելու դիմումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, երեխան հաշվառվում է կառավարման համակարգում: Ներկայացված դիմումը ենթակա է մերժման ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում:

Տարիքային խմբերի ձևավորումը

Հաստատությունում խմբերը ձևավորվում են սաների տարիքի հիման վրա և տարբեր տարիքի երեխաների համակազմով: Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է՝

  1. վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան.
  2. վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան.
  3. կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան.
  4. կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան.
  5. միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.
  6. ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:

Տարատարիք խմբեր կարող են ձևավորվել հետևյալ տարիքի երեխաների ընդգրկմամբ՝

  1. 1-3 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.
  2. 3-6 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան:

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին