Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ (տեսանյութ)

27 Հուլիս, 2021 11:25
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։

Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում:

Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը: Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին